Կառավարության առջև առավոտից բողոքի ակցիա իրականացնող` զոհված զինծառայողների հարազատները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից դժգոհ էին, սակայն որոշեցին դադարեցնել ակցիան։

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ ժամանավորապես դադարեցնում են նստացույցն ու հացադուլը։

«Ես վարչապետի հայտարարությունը չեմ հաշվում, որ բավարարեց մեր խնդրանքը։ Մենք այդքան հեշտ հանձնվող չենք։ Վարչապետն ասաց՝ արտերկրից գալուց հետո մեզ կկանչեն, մենք չգիտենք՝ մեզ կկանչեն, թե ոչ։ Մենք կփորձենք 5 օր տրամադրել վարչապետին, եթե չկանչի մեզ, կշարունակենք հացադուլն ու նստացույցը»,– ասաց նա։

Նա պնդեց՝ 1980–ականների վերջերին եւ 1990-ականների սկզբներին զոհված զինծառայողների հարազատներին գուցե հերթն այդպես էլ չհասնի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից (1000 դրամների հիմնադրամ-խմբ) աջակցություն ստանալու. «Եթե «Մարտի 1-ի» դեպքով Օպերայից մինչեւ քաղաքապետարան ցուցարարները զոհվեցին աթոռակռվի համար, դուք վճարում եք 30 մլն դրամ, բարի եղեք մեր ընտանիքներին ապահովել, որն ընդունելի չէր վարչապետի կողմից, ինքը միշտ իր խոսքը տարավ դեպի հիմնադրամ, ես 2017 թվականից հիմնադրամի անդամ եմ, կետ չկա 1980-ից 1994 թվականներին զոհված զինծառայողների մասին, իսկ մայրերը գուցե չտեսնեն՝ մինչեւ 10 տարի անց հերթը հասնի այդ դեպքերին»,–նշեց Մարգարիտա Խաչատրյանը։

«Վիրավորվեց, խռովեց, վարչապետի պահվա՞ծք է խռովելը։ Ասում է՝ Մանվելի օգնականը չե՞ս եղել, ի՞նչ կապ ունի անձն ում հետ ա եղել, քո օգնականն էլ կարող ա մի սխալ թույլ տա։ Դուք վերցեք, Մանվելի Գրիգորյանի ունեցվածքը բաժանեք այս ընտանիքների մեջ»,– ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը։