Ֆրանսիայում 6 կողոպտիչներ ներխուժել են ամենահարուստ դղյակներից մեկը, կապել դրա տերերին եւ փախուստի դիմել թանկարժեք զարդերով ու ոչ պակաս 2 մլն եվրո կանխիկ գումարով:

Դատախազ Բեաթրիս Անժելի-Լամոտը Associated Press գործակալությանը հայտնել է, որ Փարիզի հարավ-արեւելքում գտնվող Վո լե Վիկոնտ դղյակում գիշերային կողոպուտից հետո ոստիկանությունը որոնում է հանցագործներին: Նրա խոսքով՝ կողոպտիչները զինված չեն եղել, իսկ տերերը՝ 80-ամյա զույգը, չեն տուժել:

17-րդ դարի դղյակի բարոկկոյի գլամուրը ամբողջ աշխարհից մեծ թվով աստղերի է գրավել, մասնավորապես՝ այստեղ է տեղի ունեցել դերասանուհի Եվա Լոնգորիայի եւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղ Տոնի Փարքերի հարսանիքը:

Դղյակի տերն է եղել Լյուդովիկոս XIV-ի ֆինանսների նախարար Նիկոլաս Ֆուկեն: Դղյակում կա պարահանդեսային դահլիճ՝ մարմարյա հատակով, ջահերով ճաշասենյակ եւ հիասքանչ այգիներ: