Արգենտինայի բնակիչները որոշել են տնտեսել հակաբեղմնավորիչ միջոցների վրա՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ։ Դեղագործների եւ արտադրողների խոսքերով, կտրուկ անկման, արժույթի արժեզրկման եւ հիվանդագին ինֆլյացիայի ֆոնին պահպանակների եւ հակաբեղմնավորիչ հաբերի վաճառքն անկում է ապրել, հայտնում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ Արգենտինայի տնտեսությունն այս տարի կրճատվել է 2,6 տոկոսով եւ կպայքարի 50 տոկոսանոց տարեկան ինֆլյացիայի դեմ։ Պեսոն 2018-ից սկսած՝ դոլարի համեմատ կորցրել է իր արժեքի 2/3-ը, ինչը հանգեցրել է ներմուծման եւ սպառման նվազմանը։

Ավտոմեքենաների, գինիների եւ մսի վաճառքը ներքին շուկայում կրճատվել է։ Ոլորտային աղբյուրների գնահատականներով, պահպանակների վաճառքը տարվա սկզբից նվազել է 8 տոկոսով՝ համեմատած 2018թ․ հետ, եւ վերջին ամիսներին կրճատվել է ¼-ով, քանի որ տնտեսական ճգնաժամը խորացել է։

Kopelco-ի նախագահ, Tulipán-ի եւ Gentleman-ի արտադրող Ֆիլիպե Կոպելովիչի խոսքերով, պահպանակների կամ դրանց պատրաստման համար անհրաժեշտ նյութերի մեծ մասը ներկրվում է, այդ պատճառով առավել թույլ արժույթը անմիջական ազդեցություն է ունենում գնի վրա, որը տարվա սկզբից աճել է մոտ 36 տոկոսով։

Դեղագործների խոսքերով, հակաբեղմնավորիչ հաբերի վաճառքը նույնպես մեկ տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով, իսկ վերջին ժամանակներս՝ 1/5-ով։

Արգենտինական դեղագործական կոնֆեդերացիայի նախագահ Իզաբել Ռեյնոսոն Reuters-ին ասել է, թե գների աճը նշանակում է, որ հազարավոր կանայք հաբեր չեն օգտագործում։ Հասարակական առողջապահության փորձագետները հայտարարել են, որ խնդիրը կարող է խորացնել վեներական հիվանդությունների մակարդակը։

Կառավարությունը պետական հիվանդանոցներում անվճար պահպանակներ է տարածում, բայց այդ մասին քչերը գիտեն։