Մարսի գաղութացման մասին խոսելիս մասնագետներն առաջին հերթին քննարկում են բեռներ տեղափոխելու, ճառագայթումից պաշտպանելու եւ թթվածին ստանալու հարցերը: Նոր հետազոտությունը նվիրված է գաղութականների սննդի հարցին: Իսկ Մարսի վրա ավելի դժվար է ուտելիք հայթայթել, քան ջուր կամ թթվածին:

Մարսի վրա երկարաժամկետ մնալու առավել ռացիոնալ ռազմավարություն է սնունդ ստանալ այն ամենից, ինչ որ կա մոլորակի վրա, քան տեղափոխել Երկրից: Դրանք 5 հիմնական ռեսուրսներն են՝ էներգիա, ջուր, թթվածին, կառուցելու նյութեր եւ սնունդ, գրում է HighTech+-ը՝ հղում անելով Space.com-ին: Առաջին 4-ի դեպքում խնդիր չկա: Կա արեւային էներգիա, սառույց եւ հիդրատացված նյութեր, որոնք կարելի է ջրի վերածել, ածխաթթու գազ, որը կարելի է թթվածնի վերածել, իսկ մարսիական բնահողից կարելի է աղյուս ստանալ:

Սննդի դեպքում պատկերն այլ է: Մարսիական հումքից ինչ-որ ուտելիք ստանալու պարզ միջոց չկա:

«Սնունդը, հավանաբար, կլինի Մարսի գաղութացման հարցում ամենամեծ խոչընդոտը: Անհնար է պարզապես ներմուծել այն, եթե մենք ցանկանում ենք ինքնաապահովված բնակավայր ստանալ»,- ասել է Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մոլորակագետ եւ հետազոտության հեղինակ Քիթ Քեննոնը:

Գիտնականները նկատել են, որ մարսիական պայմաններ մոդելավորող մշակաբույսերի աճեցման հիմնական փորձերը վերաբերում են ցածր կալորիականություն ունեցող բանջարեղենին, իսկ սպիտակուցային մթերքների արտադրության ոլորտում վերջին նորարարությունները հաշվի չեն առնվում: Հետազոտության հեղինակները որոշել են պատասխանել հարցին, թե ինչպես պետք է կերակրել Մարսի վրա 1 մլն բնակչությամբ քաղաքը:

Անմիջապես հասկանալի է դարձել, որ կաթի եւ մսի համար անասուններ բուծելը տարբերակ չէ: Միեւնույն ժամանակ, շատերը չեն ցանկանա բուսակեր դառնալ: Որոշումը հետեւյալն է՝ միջատներ աճեցնել եւ փորձանոթում արհեստական միս ստանալ: Հատկապես ծղրիդները կալորիաների շահավետ աղբյուր են, դրանք քիչ ջուր եւ սնունդ են պահանջում:

«Բզեզները եւս ելք են, եթե մարդիկ հաղթահարեն դրանց հանդեպ զզվանքը»,- ասել է Քեննոնը:

Նորարարությունների շնորհիվ արհեստական մսից բուրգերի գինը 2 տարվա ընթացքում նվազել է՝ 325 000 դոլարից մինչեւ 11 դոլար:

Մարսի վրա ջերմոցներ ստեղծելը պրակտիկ չէ՝ պնդում են հեղինակները: Քանի որ մոլորակը չափազանց հեռու է Արեգակից, նույնիսկ լույսի հասարակածում կլինի գրեթե նույնքան, որքան Ալյասկայում: Իսկ ավելի շատ «կուտեն» ապակիները: Երկրի վրա դրանք կլանում են լույսի 50-70%-ը, իսկ Մարսի վրա ստիպված կլինեն ապակիներն ավելի հաստ սարքել, որպեսզի դրանք դիմանան ներքին ճնշմանը:

Առավել հարմար միջոց է լուսադիոդային լուսավորմամբ թունելներ փորելը: Հիդրոպոնիկան եւ աէրոպոնիկան աշխատող տարբերակներ են, սակայն դրանց համար Երկրից սարքավորումների մատակարարում է պահանջվում: 

Մարսիական հողի վրա բույսեր աճեցնելն էժան է, սակայն տեղի անօրգանական հողը հավելյալ ուսումնասիրություններ է պահանջում:

Ընդհանուր առմամբ, գիտնականները խորհուրդ չեն տալիս Մարսի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամբ զբաղվել: Հոդվածում ասվում է, որ այլ մոլորակի վրա բնակչությանը կերակրելու համար անհրաժեշտ է հրաժարվել ջուր պահանջող բույսերից եւ մտածել ավելի շատ էներգիայի, ջրի եւ հումքի ծավալների մասին:

Հաշվարկների վերջնական արդյունքները հետեւյալն են. 1 մլն բնակչությամբ գաղութը կարող է անկախանալ Երկրի մթերքների մատակարարումից 100 տարվա ընթացքում, եթե 3,6 մ լայնությամբ 14 500 կմ ստորգետնյա ֆերմաներ փորի: Սակայն մինչ այդ դրա համար անհրաժեշտ կլինի սնունդով բեռնված 54 000 փաթեթ ուղարկել: