Facebook ընկերությունը ներկայացրել է նոր՝ Portal, Portal Mini գաջեթները, ինչպես նաեւ հեռուստացույցների համար Portal TV սարքը։ Սրանք նախատեսված են տեսազանգերի համար եւ ունեն ներկառուցված ձայնային օգնական ու արհեստական ինտելեկտի տարրերով խցիկ, հայտնում է RNS-ը։

«Մենք ընդլայնում ենք տեսազանգերի համար Portal սարքերի շարքը երեք նոր մոդելներով՝ Portal, Portal Mini եւ Portal TV»,- ասվում է ընկերության պաշտոնական կայքի հաղորդագրությունում։

Սարքերը կարելի է կառավարել Amazon Alexa ձայնային օգնականի աջակցությամբ։ Բացի այդ, դրանցից յուրաքանչյուրում ներկառուցված է «խելացի» խցիկ՝ արհեստական ինտելեկտի տարրերով, որը թույլ կտա ազատ շարժվել սենյակում եւ խոսել՝ մնալով կադրում։ «Խելացի» ձայնի համակարգը ուժեղացնում է խոսողի ձայնը՝ նվազագույնի հասցնելով անցանկալի ֆոնային աղմուկը։

Բացի այդ, հեռուստացույցին կցվող սարքի օգնությամբ կարելի կլինի դիտել սթրիմինգային տեսանյութ՝ Amazon Prime-ով, CBS All-ով, Spotify-ով, ինչպես նաեւ՝ լսել երաժշտություն։ Portal TV-ն մոտ 149 դոլար կարժենա։