Թբիլիսիում անչափահասների վաճառքի եւ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր ստեղծելու եւ իրացնելու մեղադրանքով կալանավորվել է հանցավոր խմբի 11 անդամ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Կալանավորվածների թվում են ԱՄՆ մեկ քաղաքացի, Ավստրալիայի մեկ քաղաքացի, մնացածը Վրաստանի քաղաքացիներ են, այդ թվում անչափահասների ծնողները, նրանց ազգականները եւ մտերիմները, ինչպես նաեւ՝ Թբիլիսիում գործող ընդհատակյա ֆոտոստուդիայի սեփականատերերը եւ աշխատակիցները։

Օպերատիվ-հետաքննչական գործողություններին մասնակցել են Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության վարչության եւ Գլխավոր դատախազության, Եվրոպոլի, ԱՄՆ-ի ու Ավստարալիայի իրավապահ մարմինների աշխատակիցներ։

Հետաքննությունը պարզել է, որ Ամերիկայի եւ Ավստրալիայի քաղաքացիները Թբիլիսիում վարձակալած բնակարաններում գաղտնի ֆոտոսալոններ են բացել՝ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու եւ արտասահմանում վաճառելու նպատակով, ինչում նրանց օգնել են վրացի հանցակիցները։

Մեղադրյալներն իրենց բիզնեսի մեջ ծնողների համաձայնությամբ ներգրավել են 8-14 տարեկան մոտ 10 աղջիկների։ Հանցավոր խմբավորման կազմակերպիչները դեռահասների ծնողներին 500-3000 լարի են վճարել՝ նրանց երեխաներին լուսանկարելու դիմաց։ Վճարումը կատարվել է առձեռն կամ բանկային փոխանցման միջոցով։

Նշված անձանց կողմից կատարված հանցագործությունը նախատեսում է 17-20 տարվա կամ ցմահ ազատազրկում, հայտարարել են Վրաստանի ՆԳՆ-ում։