ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան այցելել է ՀՀ ոստիկանություն, որտեղ ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Որպեսզի թերարժեքության ընկալումներ չառաջանան թե ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի պարագայում, այդ ժամանակաշրջանում, երբ մենք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը երկուստեք, այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը: Բայց փոխադարձաբար աշխատանքի արդյունքները պետք է մեզ բավարարեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոստիկանապետի պաշտոնակատար կդառնա Արման Սարգսյանը: Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արման Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը: