Սիրիայի հյուսիսում, Իդլիբ նահանգում հակակառավարական խմբավորումների գրոհայինները չեն թողնում տեղի բնակիչներին անցնել կառավարության ենթակա տարածքներ։ Երկարատեւ ընդմիջումից հետո օրերս բացված «Աբու էդ Դուհուր» անցակետը խաղաղ բնակչության եւ զենքը ցած դնել ցանկացող խռովարարների համար դատարկ է, լրագրողներին տեղեկացրել է սիրիական բանակի բրիգադի գեներալ, հումանիտար միջանցքի կազմակերպման պատասխանատու Նաբիլ Աբդուլան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հետախուզության տվյալներով՝ շատ մարդիկ ցանկանում են հեռանալ այս գոտուց, բայց Իդլիբում գտնվող ահաբեկչական խմբավորումները շրջափակում են հումանիտար միջանցքի աշխատանքը։ Դեպի անցակետ տանող ճանապարհները փակ են, բնակիչներին գնդակահարության սպառնալիքով արգելում են հեռանալ։ Ըստ էության, գրոհայինները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան՝ քողարկվելով նրանցով»,- ասել է սիրիացի գեներալը։

«Աբու էդ Դուհուր» անցակետը բացվել է սեպտեմբերի 13-ին երկարատեւ ընդմիջումից հետո, մինչ այդ այն աշխատել է 2018-ի մարտ-դեկտեմբերին, այդ ժամանակ որպես միջնորդներ հանդես եկան մերձակա գյուղերի ավագանիները։ Երկրորդ բացումը տեղի ունեցավ Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ՝ սիրիական կողմի հետ սերտ համագործակցությամբ։

«Անցակետը լրիվ պատրաստ է աշխատանքին, մեր զինվորական բժիշկներն այստեղ բուժկետ են բացել։ Գործում են նաեւ ավտոբուսներ հարկադրյալ տեղահանվածներին բնակության վայր հասցնելու համար։ Բացի այդ, ռուսական կենտրոնը կարիքավորների համար ավելի քան 3 տոննա հումանիտար օգնություն է պատրաստել»,- լրագրողներին տեղեկացրել է հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Խարլամովը։ Նրա խոսքով՝ միջանցքի աշխատանքի վերականգնման մասին պայմանավորվածություն ձեռք բերվել է, բայց վերջին պահին գրոհայինները հրաժարվել են բաց թողնել խաղաղ բնակիչներին։

Հաշտեցման կենտրոնի տվյալներով՝ 2018 թվականի մարտի 4-ից իդլիբյան գոտուց հեռացել է 45 հազար մարդ։ Նրանք իրենց հետ տարել են մոտ 4,7 հազ. տրանսպորտային միջոց եւ մոտ 55 հազ. գլուխ անասուն։

Սիրիայում լիցքաթափման չորս գոտի է ստեղծվել այն պայմանավորվածության համաձայն, որը ձեռք է բերվել 2017 թվականի մայիսին Աստանայի (այժմ՝ Նուր Սուլթան) բանակցություններում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից։ 2018-ին այս երեք գոտիների տարածքն անցել է Դամասկոսի հսկողության տակ։ Չորրորդը, որը գտնվում է Իդլիբ նահանգում եւ Լաթաքիայի, Համայի ու Հալեպի նահանգների հարեւան մասերում, նախկինի պես ենթակա չէ կառավարությանը, դրա մեծ մասը զավթված է ՌԴ-ում արգելված «Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության ահաբեկիչների կողմից։