Հինգշաբթի տղամարդն ինքնասպան է եղել Կալիֆոռնիա նահանգի Մենլո Պարկ քաղաքում տեղակայված ամերիկյան Facebook ընկերության շենքում: Այս մասին նշված է Մենլո Պարկի քաղաքային ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2019 թվականի սեպտեմբերի 19-ին 11:30-ի սահմաններում Մենլո Պարկի ոստիկանության վարչությունը 911 զանգ է ստացել: Ոստիկաններն ու հրշեջները մեկնել են դեպքի վայր՝ տուժածին հայտնաբերելով անգիտակից վիճակում: Հրշեջներն ու բժիշկները նրան առաջին բուժօգնություն է ցույց են տվել, բայց չեն կարողացել վերակենդանացնել»,- հստակեցրել են իրավակարգի մարմիններից:

Ոստիկանների խոսքով՝ խոսքն «ակնհայտ ինքնասպանության» մասին է: Մահացածի անունը չի հրապարակվում:

Facebook ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա 3 համակուրսեցիների կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին: Ընկերության կենտրոնակայանը եւ գլխամասային գրասենյակը տեղակայված են Մենլո Պարկում: Facebook-ն աշխարհում առաջատար ցանցերից մեկն է: Ըստ վերջին գնահատականների՝ նրա ամսական ընդհանուր լսարանն անցնում է 2,4 մլրդ-ից: