Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ գործընկերության համապարփակ շրջանակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն արժեւորում է ԵՄ կողմից երկրի զարգացման օրակարգի խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված շարունակական եւ հետեւողական աջակցությունը։

Երկուստեք ընդգծվեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման կարեւորագույն խթան: Կողմերը մտքեր փոխանակեցին համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ 

ԱԳ նախարար Մնացականյանը եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովը հանգամանալից անդրադարձ կատարեցին կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների օրակարգին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ ՀՀ տեսակետներին։ Որպես կառավարության գերակա նպատակ՝ նախարարն առանձնացրեց դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ոլորտում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցությունը եւ վերջինիս արդյունավետ համակարգումը:

Արեւելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի առնչությամբ զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ Արեւելյան գործընկերությունն ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված լավ հարթակ է Եվրոպական Միության եւ արեւելյան վեց գործընկեր երկրների միջեւ փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման առումով: Այդ համատքեստում կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ նախաձեռնության զարգացման տեսլականի շուրջ: