Ջերմուկի, Գնդեւազի եւ Կեչուտի բնակիչները իրենց ակցիայով ցանկանում են կառավարությանը մեսիջ տալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ջերմուկում ասաց Ամուլսարի պաշտպան, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

«Շուրջ 1.5 տարի է, որ այս պրոցեսները խաղաղ ձեւով գնում են, ու կարծես մեր կառավարության մոտ թյուրըմբռնում կա, այդ հանգիստ վիճակը չարաշահվում է, հիմա մարդիկ իրենց ընտանիքներով դուրս են եկել, ցանկանում են կառավարությանը մեսիջ տալ, որ մենք այսօր քայլում ենք մինչեւ Ազատամարտիկների հուշարձան, բայց եթե փորձեն Ամուլսարում հանք շահագործեն, այս մարդիկ գնալու ենք, կանգնենք այնտեղ»,–ասաց նա։

Ամուլսարի պաշտպանը շեշտեց՝ այս ակցիաները քաղաքական բնույթ չեն կրում, կառավարության դեմ ուղղված չեն. «Մարդիկ ունեն հստակ պահանջ, որի կատարումից հետո այլեւս փողոց դուրս չեն գա։ Մենք Ամուլսարի հարցը լուծել ենք, մնում է, որ կառավարությունը լեգիտիմացնի։

Կառավարություն-ժողովուրդ երկխոսությունը չդադարի։ Օրինակ այստեղ պետք է լիներ մարզպետը եւ կառավարության կողմից ինչ–որ բան ասեր կառավարության անունից»։ 

Հիշեցնենք, որ Ջերմուկ քաղաքից, Գնդեւազ եւ Կեչուտ համայնքներից Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող բնակիչները, դասադուլ հայտարարած դպրոցականները, ինչպես նաեւ գործադուլ հայտարարած քաղաքացիներ, Ջերմուկում գործող առողջարանների ու հյուրանոցների աշխատակիցները քայլերթով հասել են Ջերմուկի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան՝ այնտեղ հանրահավաք անցկացնելու համար։ Մի խումբ քաղաքացիներ էլ ավտոերթ են իրականացրել։ Բնակիչների խոսքով՝ այսօրվանից սկսում են խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ այդպիսով պայքարելով Ամուլսարի շահագործման դեմ։

Նշենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։ Հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները եւ Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։