ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ (ANCA), որում հայտարարել է, որ «Միացյալ նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի մեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:

«Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք բնաջնջման այդ սարսափազդու եւ համակարգված արշավի մասին, որի հետեւանքով զոհվել են 1,5 մլն հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ինչպես նաեւ 2 մլն հայերի զանգվածային տեղահանության մասին: Եթե մենք ամբողջությամբ չենք ճանաչում, չենք հիշում եւ մեր երեխաներին չենք սովորեցնում Ցեղասպանության մասին, բառերն, ինչպես «այլեւս երբեք», իրենց նշանակությունը կորցնում են: Փաստերը պետք է նույնքան հստակ ու համոզիչ լինեն ինչպես ապագա սերունդների համար, այնպես էլ նրանց, որոնց հիշողությունը մռայլված է ողբերգությամբ: Ցեղասպանության մասին հիշելու կամ փաստը ճանաչելու անընդունակությունը միայն բացում է ապագա զանգվածային չարագործությունների ճանապարհը»,- ասել է նա:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հղած իր նամակում նախկին փոխնախագահը շնորհավորել է կոնգրեսական Ջեկի Սփիյերին պետական ծառայության համար Հանձնախմբի պարգեւը ստանալու առիթով: Նա նաեւ բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման համար Սփիյերի գործադրած ջանքերը: