Ամուլսարի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները ՀՀ կառավարությանը այսօրվա ակցիաներով զգուշացնում են, որ կարող են դասադուլ, գործադուլ անել, փակել փողոցներ, բայց դա չեն անում՝ տալով իշխանությանը ժամանակ, որ հարցին լուծում տան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ջերմուկում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ամուլսարի պաշտպան, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

«Այսօրվա ակցիաների մասին հայտարարություններում չեք հանդիպի որեւէ տող դասադուլի մասին, թողել ենք, որ ամեն ինչ ինքնաբուխ լինի, որ չշահարկվի։ Այսինքն Ամուլսարի հարցում այն պատկերացումը կա, որ մարդիկ կարող են ինքնակազմակերպվել եւ ընտանիքներով դուրս գալ փողոց»,–նշեց նա։

Շիրակ Բունիաթյանը շեշտում է՝ Ամուլսարի հարցով ակցիաներ կարող են տեղի ունենալ շատ բնակավայրերում, սակայն այն ակցիաները որոնք դուրս կգան խաղաղ բնույթից, իրենց հետ կապ չունեն. «Ամուլսարի պայքարը 1 տարուց ավելի է ընթանում է, մենք ընտրել ենք պայքարի խաղաղ ձեւը, որ պետք է պոստեր ունենանք, որ թույլ չտանք մտնեն, սարը քանդեն, չենք արել ոչ մի ուրիշ, ոչ խաղաղ գործողություն, թողել ենք կառավարությունը ժամանակ ունենա եւ հարցը լուծի, սակայն արդեն 2-րդ ձմեռն է ՝Ջերմուկի բնակիչները դրսում են»։

Ամուլսարի պաշտպանները սրանով զգուշացնում են ՀՀ կառավարությանը. «Այս ակցիան թող լինի այն բանի ապացույցը, որ Ջերմուկի բնակիչները կանգնած են եւ տալիս են ՀՀ կառավարությանը զգուշացում, որ տեսեք մենք կարող են դասադուլ, գործադուլ անել, փակել փողոցներ, այսինքն այն միջոցները կիրառի, որով իրենք իշխանության են եկել, մենք դա չենք անում տալով նրանց ժամանակ, որ հարցը լուծում ստանա»։

Շիրակ Բունիաթյանը հայտարարեց եւ խնդրեց դպրոցականներին երկուշաբթի դադարեցնել դասադուլը, իսկ առողջարաններին եւ հյուրանոցներին, գործադուլ հայտարարված բոլոր քաղաքացիներին դադարեցնել գործադուլը, եւ սպասել կառավարության կողմից հստակ մեսիջների։

Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։ Հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները եւ Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։

Նշենք, որ այսօր մի շարք միջոցառումներ են նախատեսվում բոլոր նրանց կողմից, ովքեր դեմ են հանդես գալիս Ամուլսարի շահագործմանը։ Միջոցառումների թվում հեծանվաերթ՝ «Ամուլսարը մնալու է սար՝ հենց Քո՛ շնորհիվ, Քայլ արա՝ հեծանիվ քշիր» կարգախոսով, մոտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, Մանկասայլակներով երթ, Ամուլսարի պաշտպանները ֆլեշմոբեր են իրականացնում՝  փակցնելով «ԱմուՐսար», Save Amwulsar գրառմամբ պաստառներ։

Երեւանում Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է Մաշտոցի պուրակից, ժամը 13։00-ին։

Ժամը 18։30-ին Երեւանում միջոցառումներ անցկացնող բոլոր խմբերը կմիանան Օպերայի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում, որտեղից կսկսվի երթը։