Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի եւ Արթիկի, ինչպես նաեւ Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժիններ եւ ձերբակալված անձանց պահելու վայրեր կատարված մշտադիտարկման այցերի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Արձանագրվել են հետեւյալ հիմնական խնդիրները.

•             անբավարար խցային պայմաններ (բնական լուսավորության ցածր մակարդակ, օդափոխության համակարգերի բացակայություն, հնամաշ անկողնային պարագաներ, հիգիենիկ պարագաների բացակայություն եւ այլն),

•             սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ եւ ախտահանման աշխատանքների հետ կապված խնդիրներ,

•             զբոսաբակերի անբավարար կահավորում,

•             hամապատասխան մատյանում բժշկական գրառումները կատարվում են թերություններով:

Օրինակ՝ չի նշվում բժշկական զննության ամսաթիվը, ազատությունից զրկված անձինք ենթարկվում են բժշկական զննության ոչ թե ՁՊՎ ընդունվելիս, այլ ընդունվելուց որոշ ժամանակ անց՝ մինչեւ մեկ ժամ կամ ավելի ուշացմամբ (շտապ բժշկական օգնության ծառայության խմբի ուշ գալու պատճառով): ՁՊՎ ծառայողները ձերբակալվածներին իրենք են տրամադրում դեղեր, որոնք նշանակված չեն լինում բուժանձնակազմի կողմից, սակայն առկա են ՁՊՎ-ի դեղապահարանում. այս պրակտիկան անընդունելի է,

•               մերձավոր ազգականների հետ տեսակցությունները կազմակերպվում են ապակե միջնորմով, կան դրանց հսկման հետ կապված խնդիրներ,

•               առկա է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն եւ այլն:

Պաշտպանը կարեւորում է Ոստիկանության ՁՊՎ-ների վարչակազմերի ներկայացուցիչների աշխատանքային պայմանների ու նրանց սոցիալական երաշխիքների շարունակական բարելավման անհրաժեշտությունը՝ երկրի մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

Մշտադիտարկման արդյունքները խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ներկայացվել է ՀՀ ոստիկանություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը եւ աջակցելու դրանց լուծմանը: