Չինական Huawei ընկերությունը ներկայացրել է ֆլագմանական Mate 30 եւ Mate 30 Pro սմարթֆոնները, որոնք ունեն Android համակարգ, սակայն չունեն Google-ի լիցենզավորված հավելվածներ, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Շնորհանդեսի ժամանակ ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Յուն հայտարարել է, որ սմարթֆոնը «տեխնոլոգիական առաջընթաց է նոր բացառիկ տեսախցիկով»:

Պատասխանելով Google-ի բացակայության մասին հարցին, Յուն ասել է, որ չնայած ԱՄՆ իշխանությունների կողմից IT հսկայի նկատմամբ արգելքներին, գնորդները կարող են ինքնուրույն ներբեռնել Google-ի որոշ հավելվածներ կամ օգտնվել հասանելի հավելվածներից: Նա նշել է, որ ժամանակ է պահանջվում այդ խնդիրը լուծելու համար:

Mate 30 եւ Mate 30 Pro սմարթֆոններն աշխատում են Kirin 990 պրոցեսորով եւ ունեն 5G ցանցի հնարավորություն: Երկու սմարթֆոնների վրա տեղադրված են Leica տեսախցիկներ՝ Mate 30-ն ունի 3 տեսախցիկ, Mate 30 Pro-ն՝ 4:

Եվրոպայում Mate 30-ի արժեքը սկսվում է 799 եվրոյից, իսկ առանց 5G ցանցի հնարավորության Mate 30 Pro-ի արժեքը՝ 1099 եվրոյից, 5G ցանցի հնարավորությամբ՝ 1199 եվրոյից: