ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի տուրիստական գործակալություններից մեկում առերեւույթ գողություն  կատարած անձի  ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 19:00-ից մինչեւ 05:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երեւան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի  նկուղային տարածքի դուռը, ապօրինաբար մուտք գործել ներս եւ գաղտնի հափշտակել զգալի չափերի արժողությամբ՝ «Philips» տեսակի մոնիտոր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ  կետի հատկանիշներով:

Առգրավվել են դեպքի վայրում տեղադրված տեսախցիկները, ենթարկվել զննության, որտեղ երեւում է առերեւույթ հանցագործություն կատարած անձը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցանքը կատարած անձին  հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին  ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին: