Խոսելով այս օրինագծի մասին՝ հարկ է նշել, որ Հայաստանի վարչապետը մի քանի ամիս առաջ շահառուների այլ թիվ նշեց, որոնց հասնում է ԱԱՀ գծով դեբետային պարտք։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 20-ին ասաց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին։

Թանդիլյանի խոսքով՝ այն ժամանակ խոսվում էր այն մասին, որ փող վերադարձվելու է 9 հազար շահառուի, իսկ ՊԵԿ նախագահն այսօրվա նիստում միանգամայն այլ թվեր ներկայացրեց՝ դրանք էապես նվազեցնելով։

Դավիթ Անանյանը պարզաբանեց, որ 9 հազար շահառու թիվը վերաբերում է այլ հարցի եւ կապված չէ թեմայի քննարկման հետ։

Պաշտոնյայի պատասխանը չգոհացրեց եւ չհամոզեց Թանդիլյանին, որը հիշեցրեց, որ վարչապետը նկատի ուներ հենց վճարումները, որոնք հասնում են ԱԱՀ-ով պարտքերի դիմաց։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Անանյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը ընթացիկ տարեվերջին նախատեսում է վերադարձնել ԱԱՀ գծով պարտքերը 56 մլրդ դրամի չափով ընդամենը 2571 հարկատուի։