Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ԱՀԿ եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունների հանդիպումը:

Հանդիպմանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի կողմից ներկայացվել է հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ազգային միասնական օրակարգ:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը այդ առթիվ հայտնել է կուսակցության ունեցած դիրքորոշումը՝ նշելով, որ համաձայնեցված թեկնածուի շուրջ գաղափարն անընդունելի է իրենց համար: «Դաշնակցության հետ մեր քաղաքական հարաբերությունները բարձր եմ գնահատում, եւ առաջիկա ընտրական պրոցեսներում ու հետընտրական շրջանում անհրաժեշտ համագործակցության հնարավորություններ եմ տեսնում, բայց մեզ համար անընդունելի են համաձայնեցված թեկնածուի շուրջ բանակցությունները»,- նշել է Ա. Հարությունյանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը կարեւորել է ներկայացված օրակարգում ներառված համընդհանուր հարցերի շուրջ «Ազատ հայրենիք» կուսակցության ունեցած դրական մոտեցումները՝ ընդգծելով, որ նման կոնսուլտացիաները քաղաքական տեսակետների ճշգրտման համար արդյունավետ ձեւաչափ է համարում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հանդիպման ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են նաեւ հանրապետությունում առկա ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: