Մետաղական հանքարդյունաբերության խնդիրները հորինված եւ ուռճացված չեն, դրանք թերագնահատված խնդիրներ են, պետական եւ ակադեմիական մակարդակով չեն արվում ուսումնասիրություն հանքարդյունաբերության առումով, հատկապես հաշվարկներ չեն արվում, թե ինչ վնասներ է հասցնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում՝ Մաշտոցի պուրակում կազմակերպված բնապահպանական մոբիլիզացիայի օրվա շրջանակներում կազմակերպված հանրային քննարկումների ժամանակ ասաց ՀԲՃ անդամ Աննա Շահնազարյանը։

«Ամուլսարի ծրագրի պարագայում նույնիսկ «Լիդիանն» է ընկերությունն է գնահատել, որ աղքատանալու է Գնդեւազ համայնքը»,–շեշտեց նա։

ՀԲՃ անգամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանն իր հերթին ներկայացրեց վերջին տարիներին բնապահպանների իրականացրած ակցիաները եւ դրանք արդյունքները.

«Առաջինը Շիկահողի արգելոցի ճանապարհի խնդիրն էր, երբ արգելոցի մեջտեղով ցանկանում էին Մեղրի-Կապան այլընտրանքային ճանապարհն անցկացնել, մեծ մոբիլիզացիա եղավ եւ ծրագիրը չեղարկվեց, ի վերջո ճանապարհը կառուցվեց՝ շրջանցելով արգելոցը։

Մյուսը Սոթքի հանքավայրի հետ է կապված, որը վաղուց էր շահագործվում փակ եղանակով, հանքաքարը տեղափոխվում եւ մշակվում էր Արարատի մարզում, այս ծախսերից խուսափելու նպատակով ցանկանում էին Սեւանա լճի ավազանում վերամշակման գործարան կառուցել եւ տեղում իրականացնել վերամշակումը, այս ծրագիրը կրկին չեղարկվեց պայքարի արդյունքում։ Դա լուրջ հաղթանակ էր Սերժ Սարգսյանի օրոք։

Պայքարը միշտ է եղել, իսկ մարդիկ որոնք ասում են նախկինում ինչու չէիք պայքարում, երեւի մոռացել կամ մոռացության են փորձում տալ այդ։

2009-10 թթ. Քաջարանի մոտ Նռնաձոր համայնքի տարածքում ուրանի հանքի որոնողական աշխատանքներ էին իրականացվում, բնակիչները դեմ են արտահայտվել, ստորագրահավաք են իրականացրել, բողոքի ակցիաներ են իրականացրել, դիմադրություն են ցույց տվել, ի վերջո այդ ընկերությունը հեռացավ ՀՀ–ից։

Մյուսը Թռչկանի պատմություն է, երբ բնության հուշարձան համարվող տարածքում ՀԷԿ էին ուզում կառուցել, որը քաղաքացիների մղած պայքարի արդյունքում ստիպեցին կառավարությանը չեղարկել։

Մյուսը Թեղուտի պայքարին էր, 2003-2004 թվականից սկսած պայքարը ավելի է ակտիվացել է 2005-2006 թվականից հետո մինչեւ շահագործումը,

Մանիպուլյացիա են անում, թե ինչու են բնակիչներ ու բնապահպանները հիմա ակտիվ պայքարում, որովհետեւ ունենք Թեղուտի օրինակը, որովհետեւ հանքի շահագործումից հետո պայքարն դառնում է անիմաստ։ Որը չնայած շահագործվեց, սակայն 3 տարի շահագործումից հետո շահագործող կազմակերպությունը դադարեցրեց շահագործումը ֆինանսական, տնտեսական, տեխնիկական, էկոլոգիական խնդիրների պատճառով, այսինքն այն ծրագիրը, որը նախորդ կառավարությունը եւ Սերժ Սարգսյանը ներկայացնում էր ամենախոշոր ներդրում, ու հիմա կարծես թե նույնն ենք լսում նախորդների ներկայացուցիչներից եւ հեղափոխական նոր ներկայացուցիչներից, որոնք վարակվել են սերժական հիվանդությամբ, որը գուցե դուրս չի եկել կաբինետներից եւ ախտահարում է այնտեղ գտնվող մարդկանց»։

Հիշեցնենք, որ այսօր դասադուլ եւ գործադուլ է հայտարարվել Ջերմուկ քաղաքում, Գնդեւազ եւ Կեչուտ համայնքերում։ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները հավաքվեցին Ջերմուկում հանրահավաքի եւ հայտարարեցին, որ դադարեցնում են դասադուլն ու գործադուլը՝ սպասելով կառավարության պատասխանին եւ հանքի շահագործման արգելմանը։