Սեպտեմբերի 20-ին Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի Հայաստան կատարած այցի շրջանակում Երեւանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը եւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Իր բացման խոսքում Վարոս Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել եվրոպական գործընկերներին` ԵՄ Արտաքին ներդրումային պլանի վերաբերյալ իրենց լավագույն փորձը եւ մոտեցումները կիսելու պատրաստակամության համար:

«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ժամանակին ներդրումը, ինչը կօգնի խթանել ներդրումները Հայաստանում՝ կենտրոնանալով մի շարք առաջնահերթ ներդրումային ոլորտների վրա, ինչպիսիք են՝ կայուն էներգետիկա եւ փոխկապակցվածություն, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) ֆինանսավորում, կայուն գյուղատնտեսություն, գյուղական ձեռնարկատերեր եւ ագրոբիզնես, կայուն զարգացող քաղաքներ եւ թվային տեխնոլոգիաներ՝ զարգացման համար», - ասել է նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հավելել է, որ ԵՄ Արտաքին ներդրումային պլանն ուղղված է ներառական աճի խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ կայուն տնտեսական զարգացմանը:

«Հետեւաբար, կցանկանայի շեշտել, որ օտարերկրյա ներդրումների հոսքերի ներգրավումը, որոնք կնպաստեն Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը եւ արտահանման մրցունակությանը, հանդիսանում է ապագա տնտեսական աճի մեր տեսլականի հիմնական հիմնասյուներից մեկը»,- իր խոսքն ավարտել է Վարոս Սիմոնյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ԵՄ Արտաքին ներդրումային պլանը, դրա ֆինանսական գործիքները եւ հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները եւ ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները: