Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը բարձր է գնահատել Թել Ավիվում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշումը:

Նա սա «զգալի քայլ է անվանել երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ», հայտնում է The Jerusalem Post-ը:

Կացի խոսքով՝ Հայաստանը կդառնա 90-րդ երկիրը, որն Իսրայելում դեսպանատուն կբացի, ինչը «վկայում է աշխարհում Իսրայելի դիրքերի մշտական ամրապնդման մասին»:

Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիզար Ամերն իր հերթին հայտարարել է, որ դեսպանատան բացումն արտացոլում է երկու երկրների հարաբերությունների զգալի բարելավումը, որը տեղի է ունեցել վերջին տարում: «Դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների նոր եւ կարեւոր գլուխ է, եւ մենք վստահ ենք, որ սա է՛լ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը եւ բոլոր ոլորտներում երկրների միջեւ համագործակցությունը»,- նշել է Ամերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Հայաստանի կառավարության նիստում որոշում էր ընդունվել Թել Ավիվում հնարավորինս կարճ ժամկետում  (2019-ի վերջ – 2020-ի սկիզբ) դեսպանատուն բացելու մասին:

Հարցին՝ Իսրայելն իր հերթին արդյոք նախատեսո՞ւմ է Հայաստանում դեսպանատուն բացել, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր. «Դա մտնում է մեր երկխոսության օրակարգի մեջ: [Բայց] մենք [Հայաստանը] մեր քայլերը չենք պայմանավորելու Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի կողմից դեսպանատուն բացելու հանգամանքով, բայց դա եղել եւ մնում է մեր օրակարգում: Իսրայելում մեր [Հայաստանի] ներկայությունը կուժեղացնի մեր փաստարկները, եւ մենք բարձրացնում ենք այն հարցը, որ մենք ունենք [Իսրայելի դեսպանատուն] նաեւ այստեղ [Հայաստանում]»: