Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճնշում են գործադրում թագավորության հարուստ ընտանիքների վրա՝ նրանց ստիպելով գնել Saudi Aramco ընկերության բաժնետոմսերը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ 8 աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ ճնշման տակ են հայտնվել թագավորության 10 ամենահարուստ ընտանիքները, այդ թվում թագավորական ընտանիքի անդամները, որոնք 2017-2018 թվականներին կալանքի տակ էին հայտնվել երկրի փաստացի կառավարիչ եւ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի ծրագրած հակակոռուպցիոն արշավի շրջանակում: Մի քանի ամսվա ընթացքում արքայազններին պահել են հարմարավետ բանտի վերածված Ritz Carlton հյուրանոցում: 2018 թվականի մարտին թագաժառանգ արքայազնը հայտարարել է, որ նրանց հարազատները ձերբակալությունից հետո երկրի գանձարան են վերադարձրել ավելի քան 100 մլրդ դոլար, հաղորդում է ՌԲԿ-ը:   

FT-ի աղբյուրները պնդում են, որ բաժնետոմսերի մի մասը մինչ այժմ սառեցված է եւ այժմ արքայազններին ստիպում են այդ միջոցներով գնել Saudi Aramco-ի բաժնետոմսերը:

«Ինչո՞ւ ոչ: Միեւնույն է, նրանք չեն կարող օգտագործել այդ գումարները»,- իրավիճակը մեկնաբանել է ճնշման տակ հայտնված ընտանիքներից մեկի բանկիրը:

Ritz Carlton-ի նախկին բանտարկյալներից մեկի խորհրդականը պարբերականին հայտնել է, որ նախկին բանտարկյալին ստիպում են «կատարել թագավորության առջեւ իր հայրենասիրական պարտքը», չնայած նրան, որ նա արդեն գանձարան է հանձնել իր բաժնետոմսերի մի մասն ու համաձայնել է ամեն ամիս կլորիկ գումար վճարել:

«Կա սահման, թե որքան հայրենասեր է նա ցանկանում լինել»,- ասել է խորհրդականը:  

FT-ի մեկ այլ զրուցակից ասել է, որ որոշ արքայազններ կդժվարանան «ոչ» ասել:

Պարբերականի տեղեկություններով՝ ճնշումների տակ է հայտնվել արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալը, որը Ritz Carlton-ում ավելի քան 2 ամիս է անցկացրել: Մինչ ձերբակալությունը Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 18,7 մլրդ դոլար, սակայն ավելի ուշ ամսագիրը նրան բացառել է միլիարդատերերի ցուցակից: Նրա ազատ արձակման պայմաններն անհայտ են, սակայն, չհաստատված տվյալների համաձայն, ստիպված է եղել գանձարանին վճարել կարողության զգալի մասը:

Saudi Aramco ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը, իսկ Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայացուցիչը ճնշման մասին հաղորդագրություններն «անհիմն ու սխալ» է անվանել:

Թագաժառանգ արքայազնն ու նրա ֆինանսական խորհրդականներն ակնկալում են, որ ճնշումների արդյունքները կարող են գնահատվել 2 տրիլիոն դոլար, իսկ պետությունը կարող է 60 մլրդ դոլար շահել: Սակայն այդ ծրագրերը սպառնալիքի տակ են դրվել Saudi Aramco նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումից հետո: Սեպտեմբերի 16-ին Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ հարձակման կրկնման սպառնալիքը կարող է նվազեցնել Saudi Aramco-ի գինը 300 մլրդ դոլարով: