Միակ բանը, որ կարող են անել կենտրոնական բանկերը Facebook-ի կրիպտոարժույթի դեմ, վճարային կազմակերպություններին ու առեւտրային բանկերին տրանզակցիաներով աշխատելն արգելելն է, որոնք կապված են եղել նրա հետ, ասում է Չինաստանի Թվային արժույթի հետազոտության ինստիտուտի տնօրեն Մու Չանչունը։ Նա ընդգծել է, որ շրջանցման ուղիներ կմնան, եւ օգտատերերն անպայման կգտնեն արգելքից խուսափելու միջոց, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով CoinDesk-ին։

«Libra-ն կարող է անզսպելի լինել։ Հազիվ թե որեւէ մեկը կարողանա լիովին արգելել մարդկանց գնել կրիպտոարժույթ, չնայած կոշտ կարգավորմանը։ Մարդիկ կսկսեն օգտագործել գնման անուղղակի մեթոդներ արտասահմանից, հենց որ այն թողարկվի»,- համոզված է մասնագետը։

Նա ավելացրել է, որ Libra նախագիծը կանգ կառնի միայն այն ժամանակ, եթե ԱՄՆ իշխանություններն արգելեն այն իրավական մակարդակով։ Այլապես ժամանակի ընթացքում սթեյբլքոինը կդառնա գերիշխող համաշխարհային արժույթ, իսկ որոշ երկրներում, ինչպիսին է Զիմբաբվեն, այն կդառնա ազգային, ենթադրել է Մու Չանչունը։

«Եթե Libra-ն շուկա դուրս գա, կբացվեն նոր տնտեսական ուղիներ։ Կապիտալների արտահանման սահմանափակումը Չինաստանում դժվար կլինի պահել 50 հազար դոլարի մակարդակին»,- ընդգծել է փորձագետը։