Տնտեսական կապիտուլյացիայի դարաշրջանն ավարտվել է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ խոսելով ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմի մասին, հաղորդում է CNBC-ը:

Նրա խոսքով՝ Չինաստանի հետ 500 մլրդ դոլարի չափով ԱՄՆ առեւտրային դեֆիցիտից բացի, երկիրն ամեն տարի մոտ նույն չափով կորուստ է ունենում՝ ինտելեկտուալ սեփականության գողության պատճառով:

2018 թվականին Չինաստանի հետ ԱՄՆ առեւտրային դեֆիցիտը կազմել է 419,2 մլրդ դոլար, ինչը 11,7%-ով ավելի շատ է, քան 2017 թվականին: Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է ինտելեկտուալ սեփականության գողության մեջ, սակայն Պեկինը հերքում է մեղադրանքները: Այդ եւ այլ հարցեր քննարկվում են երկու երկրների առեւտրային բանակցությունների ընթացքում:

«Երկար ժամանակ ԱՄՆ վարչակազմը համակերպվում էր Չինաստանի հետ առեւտրային անհարմարություններին, սակայն այդ ժամանակներն անցել են: Մենք ուժեղ կլինենք»,- ասել է Փենսը:

Նրա խոսքով՝ ամերիկացիները կարող են վստահ լինել, որ Թրամփը «կշարունակի ուժեղ մնալ»:

Փենսը նման հայտարարություն է արել Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ սպասվելիք բանակցությունների վերսկսման ֆոնին: Տեղի ունեցած բանակցությունների մի քանի փուլեր մինչ այժմ արդյունք չեն տվել:

ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ու ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերը կհանդիպեն Չինաստանի պաշտոնական անձանց հետ հոկտեմբերին: Նա նշել է, որ Չինաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ուղղված է ԱՄՆ տնտեսության եւ շահերի պաշտպանությանը: