Դատարանի որոշումը սպասելի էր` տեսնելով նախորդ նիստերը, դատավորի նախորդ մերժումը, ընդհանուր վերջին մեկ տարվա իրադարձությունները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը դատարանի կողմից մերժելու մասին։

«Ես, համենայն դեպս, անակնկալի չեկա։ Վերջնական համոզվեցինք, որ այստեղ իրավական գործընթաց չկա։ Զուտ քաղաքական գործընթաց է, գուցե ոչ զուտ ներքաղաքական, այլ նաև մտնում է արտաքին քաղաքական ինչ–որ պրոցեսների մեջ»,– նշեց նա։

Խոսելով  դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ ներկայացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասին, Լևոն Քոչարյանն ասաց. «Եթե դատավոր Աննա Դանիբեկյանը այսպիսի որոշումներ է կայացնում,  ենթադրաբար, իր վրա իշխանության կողմից ճնշումներ կան, որոնք ինքը համաձայնել է կատարել։ Երևի չի ընդունի ինքնաբացարկը, պիտի մինչև վերջ տանի ֆարսը, ներկայացումը»։

Հիշեցնենք, որ դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել, հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008թ. մարտին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ։