ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Փոխվարչապետը նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առավել կարեւոր գործընկերներից մեկը եւ հավելել, որ եվրոպական պատվիրակության այցը լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ընթացիկ ծրագրերը եւ անդրադարձ կատարելու ապագա հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կատարինա Մատերնովան ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են թվայնացմանը ու էլեկտրոնային կառավարմանը, հանրային կառավարման բարեփոխումներին եւ էներգետիկ արդյունավետությանը վերաբերող հարցերին: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել այս ուղղություններով ԵՄ ցուցաբերած աջակցության համար, ներկայացրել կառավարության կողմից իրականացված աշխատանքները եւ ապագա ծրագրերը: Կողմերը մանրամասնորեն քննարկել են յուրաքանչյուր ոլորտում համագործակցության խորացման ուղիները եւ նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորությունները: