Սեպտեմբերի 20-ին Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ գործընկերության խորացումը։ Երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձեւաչափի դերը եւ կարեւորվեց առկա ներուժի լիրաժեք օգտագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ գերակայությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի շարունակական ջանքերը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերված հետեւողականության համար։