Առկա փաստերը բավարար են Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ  2016թ. կառավարության կողմից տրված դրական փորձաքննական եզրակացությունը անվավեր ճանաչելու համար: Այսօր` սեպտեմբերի 20-ին, Սարյան պուրակում Ամուլսարի հարցով հրավիրված քննարկմանը նման կարծիք հայտնեց բնապահպան, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը:

«Ցավոք, ինչ-ինչ պատճառներով չեն ուզում տեսնել փաստերը, բայց մենք հուսով ենք, հավատում ենք, որ ի վերջո դա լինելու է: Մեր միակ պահանջն այն է, որ բոլոր իրավական հիմքերը հաշվի առնելով ուժը կորցրած ճանաչեն կոռուպցիոն կառավարության կողմից տրված այդ դրական եզրակացությունը: Պետք է այդ ճանապարհով գնալ տեսչական ստուգումներ նորից նախաձեռնելու փոխարեն»,- հայտարարեց նա:

Ըստ Լեւոն Գալստյանի` սխալ է շահարկել Հայաստանի` պատերազմող երկիր լինելու փաստը, հանքի շահագործումը արդարացնելու նպատակով։

 «Պատերազմող երկրներում սխալ է հանքի շահագործումը 100 տոկոսով հանձնել մասնավոր ընկերությանը: Դա պետական անվտանգության ամենամեծ խնդիրն է: Պատերազմով մեզ վախեցրել են արդեն 30 տարուց ավելի, եւ խնդրում եմ՝ հերթական անգամ չփորձեն նոր սերնդին նույնպես պատերազմով վախեցնել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ իրավական հիմքեր չկան Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու համար, ապա իր դիրքորոշումը հաստատել էր մամուլի ասուլիսում` մանրամասնելով, որ կա վարչական դատարանի որոշում Ամուլսար տանող ճանապարհները բացելու մասին: Վարչապետի հայտարարությանը եղավ կոշտ արձագանք բնապահպանների եւ հանքի տարածքի հարեւանությամբ գտնվող համայնքների բնակիչների կողմից, որոնք այսօր դասադուլ, գործադուլ, երթեր անցկացրին ի նշան բողոքի: Նրանք առայժմ դադարեցրել են բողոքի ակցիաները` հայտարարելով, որ կսպասեն Կառավարության արձագանքին: