«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնության անդամները Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակների կապակցությամբ նախաձեռնած «Անկախության մարաթոն»-ի շրջանակներում սեպտեմբերի 20-ի երեկոյան երթ եւ  մոմավառություն են իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախաձեռնության անդամները անկախության մարաթոնի մեկնարկը տվել են Ստեփանակերտում՝ սեպտեմբերի 2-ին,  ապա շրջել Հայաստանի եւ Արցախի շուրջ 30 քաղաքներով, իսկ սեպտեմբերի 20-ին հասել են Երեւան, որտեղ երթ են իրականացրել դեպի Եռաբլուր։

«Հաղթանակած» երիտասարդական շարժման նպատակն է Հայաստանի եւ Արցախի երիտասարդության համախմբումը՝ հաղթանակի գաղափարի շուրջ։ Նախաձեռնությունը միավորում է Հայաստանի եւ Արցախի պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարն ավելի արժեվորելու, Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիքը ճանաչելու՝ հայտնի ու անհայտ կողմերով, հայկական երկու պետությունների եւ աշխարհասփյուռ հայության երիտասարդներին միավորելու, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման եւ հայրենասեր, հաղթանակած սերունդ կերտելու ձգտումով։