ԱԳ նախարար Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳ լրատվական ծառայությունից։

Ողջունելով լիբանանյան պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատանքով արձանագրել է, որ Հայաստանը և Լիբանանը միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսության պահպանման, փոխգործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող օրակարգի առավել ամրապնդման և հարստացման ուղղությամբ: Այս առնչությամբ զրուցակիցները մեծապես կարևորել են հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները, որի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանության, քաղաքական, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներն ուղենշելու համար:

Փոխադարձաբար բարձր է գնահատվել Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրների և ժողովուրդների միջև կամրջող օղակ և հայ ինքնության պահպանման առաջամարտիկներ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ պայմանավորված Մերձավոր Արևելքում պատմական կապերով և հայկական ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադիր հետևում է տարածաշրջանի գործընթացներին։

Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Լիբանանում խաղաղապահ և տարածաշրջանում հումանիտար առաքելություններին։