Facebook ընկերությունը հայտարարել է տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքի դադարեցման մասին՝ կապված Cambridge Analytica ընկերության միջոցով տվյալների արտահոսքի շուրջ սկանդալի հետ, հայտնում է BBC-ն: 

Նշվում է, որ հավելվածների աշխատանքի դադարեցումը կապված է 400 մշակողների հետ:

Ըստ ընկերության հայտարարության՝ այս ոչ բոլոր հավելվածներն են օգտատերերին սպառնալիք ներկայացնում:

2018 թվականին Facebook-ի վրա ճնշում գործադրվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Cambridge Analytica ընկերությունը հասանելիություն է ստացել համացանցի միլիոնավոր օգտատերերի տվյալներին՝ առանց նրանց թույլտվության:

Նշվում է, որ քաղաքական քոնսալթինգային Cambridge Analytica ընկերությունը օգտատերերի տվյալները հավաքել է քաղաքական գովազդային արշավ անցկացնելու համար:

ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողովը հուլիսին Facebook-ին տուգանել էր 5 մլրդ դոլարով, ինչը համարվում է սպառողների մասնավոր կյանքի խախտման համար կիրառվող խոշորագույն տուգանք:

Տասնյակ միլիոնավոր մարդկանց տվյալներին հասանելիություն ստացած Cambridge Analytica-ի շուրջ սկանդալը Facebook-ին խոշոր վնաս է հասցրել, իսկ ընկերությունը բախվել է հայցերի եւ միջազգային քննադատության: