Microsoft ընկերությունը 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Windows 7-ի համար անվտանգության համակարգի անվճար թարմացում կտրամադրի՝ արտաքին միջամտությունից խուսափելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Hill պարբերականի պարզաբանմամբ՝ Microsoft-ը նման որոշում է ընդունել լրատվամիջոցներում այն տեղեկությունների հայտնվելուց 2 ամիս հետո, որ ընտրությունների անցկացմամբ զբաղվող մարմինների գերակշիռ մեծամասնությունն ամբողջ երկրում օգտագործում է Windows 7 կամ ավելի հին օպերացիոն համակարգեր, այդ թվում՝ քվեաթերթիկներ պատրաստելիս եւ ձայները հաշվելիս:

Microsoft-ը հայտարարել է, որ Windows 7-ը թողարկել է 2009 թվականին եւ նախատեսում էր անվտանգության համակարգի թարմացում տրամադրել միայն 10 տարվա ընթացքում: Դրանից բացի, ընդգծվում է, որ հին ծրագրային ապահովումը չի կարող երաշխավորել անվտանգության նույն մակարդակը, ինչ ժամանակակից օպերացիոն համակարգերը:

«2020 թվականի ընտրությունների նախօրեին մենք գիտենք, որ կան համեմատաբար ոչ մեծ, բայց դեռեւս զգալի թվով քվեարկության համար Windows 7 օպերացիոն համակարգով հավաստագրված մեքենաներ: Մենք նաեւ գիտենք, որ 2020 թվականին նոր օպերացիոն համակարգերով մեքենաներին անցումը մի շարք պատճառներով անհնար է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ Microsoft-ի հայտարարության՝ սրա հետ կապված տրամադրվելու է «քվեարկության համար Windows 7-ով աշխատող դաշնային մակարդակով հավաստագրված համակարգերի ընդլայնված թարմացում»: