Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության 28-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ:

28 տարի առաջ այս օրը ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը:

Անկախ պետականություն ունենալու ձգտումը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդների մեծագույն նպատակը: Մեր նախահայրերը իրենց դարավոր պայքարով մշտապես վառ են պահել ազատ եւ անկախ ապրելու վեհ գաղափարները մեր հավաքական ինքնագիտակցության մեջ:

Հենվելով ազգային եւ համամարդկային արժեքների լավագույն համադրման վրա, ցուցաբերելով անկոտրուն կամք եւ հանդես գալով որպես իրապես միասնական ուժ՝ հայ ժողովուրդը հաղթեց իր ազգային ազատագրական պայքարը եւ ի լուր աշխարհի հռչակեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին:

Այսօր Հայաստանը միջազգային հանրության կարեւոր անդամ է՝ վարելով տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված հավասարակշռված քաղաքականություն եւ ակտիվորեն ներգրավելով աշխարհն ավելի անվտանգ եւ բարեկեցիկ դարձնելուն ուղղված միջազգային ջանքերում: Հայաստանը հենվում է ինքնիշխանության, համահայկականության եւ փոխգործակցության սկզբունքների վրա: Մենք գիտակցում ենք, որ ամեն օր ու ժամ մենք պարտավոր ենք առավելագույնն անել Հայաստանի եւ Արցախի անվտանգության եւ զարգացման համար բարենպաստ արտաքին քաղաքական միջավայր ստեղծելու նպատակով:

Նախորդ տարի մենք եւս մեկ կարեւոր պատմական նշանակության հաղթանակ տարանք, այս անգամ արդեն հանուն ժողովրդավարության եւ օրենքի գերակայության համար մղված մեր պայքարում: Հայ ժողովուրդը այս պայքարում եւս հենվում էր միասնականության եւ ազատատենչության գաղափարների վրա: Այսօր արդեն մենք պետք է առավելագույնը քաղենք Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման եւ մեր ներքին աննախադեպ համախմբվածության ընձեռած հնարավորություններից:

Շնորհավորելով միմյանց այս կարեւոր տոնի առթիվ՝ մենք նախեւառաջ մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, արժեւորենք անկախության խորհուրդը, այն է համախմբվածությունն ու հայրենասիրությունը, գիտակցենք, որ անկախ պետականությունը մի ժառանգություն է, որը պետք է շարունակել ամրապնդել եւ զարգացնել, որի համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները առկա են մեզ մոտ. դա մեզանից յուրաքանչյուրն է, ամեն մի հայ, ով մշտապես վառ է պահում անկախ եւ հզոր հայրենիք ունենալու գաղափարը՝ անկախ բնակության վայրից: