Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանմանը: Նրա խոսքով՝ այս քայլը ԱՄՆ «անելանելիության» եւ Թեհրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականության ավարտի մոտ լինելու նշան է, հայտնում է Tasnim-ը:  

ԻՌՆԱ գործակալության հետ զրույցում Զարիֆը Իրանի ԿԲ-ի եւ Ազգային զարգացման հիմնադրամի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ վարչակազմի որոշումը որակել է որպես Միացյալ Նահանգների «անելանելիության» վկայություն:

«Ամերիկացիները կարող են Իրանի դեմ սահմանել բոլոր պատժամիջոցները, ինչպիսիք միայն կարող են: Ինչը նրանք հիմա անում են՝ նոր անվանումով պատժամիջոցներ են սահմանում Կենտրոնական բանկի դեմ, որն արդեն ենթարկված է պատժամիջոցների»,- ասել է նա:

«Սա նաեւ բացահայտում է, որ (ԱՄՆ) առավելագույն ճնշման քաղաքականությունը ավարտին է մոտենում»,- ասել է Զարիֆը՝ հավելելով, որ մի ինստիտուտի դեմ մի քանի պատժամիջոցների սահմանումն ապացուցում է ԱՄՆ քաղաքականության ձախողումը, ըստ որի նրանք մտադիր էին մի քանի ամսում Իրանին «ծնկի բերել»:

«Այս միջոցառումը խախտում է բոլոր միջազգային պարտավորություննեը՝ ոչ միայն ԳՀՀԾ-ն, այլեւ կենտրոնական բանկերի անձեռմխելիության բոլոր ընդունված միջազգային սկզբունքները»,- ասել է Զարիֆը:

Նա ԱՄՆ-ին խորհուրդ է տվել ընդունել իր «առավելագույն ճնշման» քաղաքականության պարտությունը եւ այս խնդրի արժանապատիվ ավարտի ուղիներ որոնել: