Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն ԱՄՆ-ին խնդրել է մասնակցել Մերձդնեստրում ռուսական զորքերի Օպերատիվ խմբի պահեստներում ռուսական զինամթերքի օգտահանման գործընթացի մոնիթորինգին: Այս մասին Սանդուն հայտարարել է այս շաբաթ Վաշինգտոն կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում: Այցի ընթացքում նա բանակցություններ էր վարել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի, ԱՄՆ նախագահի խորհրդական Իվանկա Թրամփի, ամերիկացի այլ պաշտոնյաների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Հիշեցրի Կոլբասնայի պահեստներում զինամթերքի օգտահանման մասին Ռուսաստանի Դաշնության առաջարկած նախաձեռնության մասին: ԱՄՆ-ին խնդրեցի մասնակցել այդ գործընթացի մոնիթորինգին, եթե Մոլդովայի եւ Ռուսաստանի միջեւ համապատասխան համաձայնություն ձեռք բերվի»,- ասել է Սանդուն: Նա նաեւ հայտարարել է, որ Վաշինգտոնում քննարկել է մերձդնեստրյան կարգավորման հարցը:

«Նշեցի, որ մերձդնեստրյան խնդրի քաղաքական լուծումը չպետք է անդրադառնա Մոլդովայի եվրոպական ապագայի վրա: Հաստատեցի տարածաշրջանի ժողովրդավարացման կարեւորությունը որպես խնդրի լուծման պայման, ինչպես նաեւ ուկրաինացի գործընկերների հետ համագործակցության նշանակությունը Մոլդովայի սահմանին անվտանգության ապահովման նպատակով»,- հավելել է երկրի վարչապետը:

Կոլբասնա գյուղի մերձակայքում նախկին 14-րդ բանակի պահեստներում պահվում է մոտ 20 հազար տոննա զինամթերք, որոնք այնտեղ են պահեստավորվել եվրոպական երկրներից խորհրդային զինվորականներին դուրս բերելու գործընթացում: Օգոստոսին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ համնդիպման ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել էր սկսել այդ զինամթերքի օգտահանման գործընթացը: Գործընթացին մասնակցելու շահագգռություն էին հայտնել ԱՄՆ-ն, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ը, որը Քիշնեւին փորձագիտական օգնություն էր առաջարկել պահեստների տեխնիկական վիճակը գնահատելու համար:

Կոլբասնայում պահեստների պահպանությունն իրականացնում է Մերձդնեստրում ռուսական զորքերի Օպերատիվ խումբը, որը նաեւ օգնում է Դնեստրում խաղաղապահ գործողություն անցկացնել: Զինամթերքի դուրսբերումը եւ օգտահանումը սկսվել է 2003 թվականին, սակայն 2004 թվականին Մերձդնեստի իշխանությունները գործընթացն արգելափակել էին Դնեստրի 2 ափերի միջեւ հարաբերությունների լարումից հետո:

Մոլդովայի կառավարության ռազմավարական առաջնահերթությունն է Եվրամիությանն անդամակցելը եւ պաշտպանության ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, հայտնել է երկրի վարչապետը:

«Ամերիկացի գործընկերներին հավաստիացրեցի, որ Մոդովայի կառավարությունը մտադիր է վերականգնել ժողովրդավարական գործընթացները եւ ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, վերացնել նախկին ռեժիմի ստեղծած համակարգը, բոլոր մակարդակներում պայքարել կոռուպցիայի դեմ եւ արդարադատությունն իրապես բարեփոխել»,- ասել է Սանդուն: Նրա խոսքով՝ «եվրաինտեգրացիան, մեծ թվով ուղղություններով, ներառյալ պաշտպանությունն ու անվտանգությունը, ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Մոլդովայի կառավարության ռազմավարական առաջնահերթությունն են»: