Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է աշխարհում ամենահզոր քվանտային համակարգչի ստեղծման մասին, որն ի զորու է հաշվարկներ իրականացնել ամենաժամանակակից սուպերհամակարգիչների հնարավորությունների սահմաններից անդին, հայտնում է Financial Times պարբերականը: Այս մասին Google-ը տեղեկացրել է գիտական զեկույցում, որը կարճ ժամանակով տարածվել է NASA-ի կայքում, իսկ ավելի ուշ ջնջվել է:

Փաստաթղթում, որին հասցրել են ծանոթանալ պարբերականի լրագրողները, Google-ը հայտնել է այն մասին, որ իր գիտաշխատողներին հաջողվել է ստեղծել պրոցեսոր, որը հաշվարկ է կատարում 3 րոպե 20 վայրկյանում, ինչի համար աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր համակարգիչ՝ ամերիկյան IBM ընկերության «Սամիթը» մոտ 10 հազար տարվա կարիք կունենար:

«Հայտնի բոլոր դասական ալգորիթմների համեմատությամբ այս զգալի արագացումը ապահովում է հաշվողական խնդրում քվանտային գերազանցության փորձարարական իրականացում եւ նշանավորում է այնքան սպասվող հաշվողական պարադիգմայի ի հայտ գալը»,- Financial Times-ի փոխանցմամբ՝ նշված է զեկույցում: «Որքանով մեզ հայտնի է, այս փորձարկումը առաջին հաշվարկումն է, որը կարող է կատարվել բացառապես քվանտային պրոցեսորով»,- նշված է զեկույցում:

Պարբերականը հայտնում է, որ հիշատակված համակարգն առայժմ կարող է միաժամանակ իկրականացնել միայն մեկ տեխնիկական հաշվարկ, բայց դեռեւս տարիներ կանցնեն, մինչեւ քվանտային համակարգիչները կկարողանան լուծել գործնական խնդիրներ: Սակայն մշակողներն իրենց աշխատանքի արդյունքները «լայնածավալ քվանտային հաշվողական գործընթացի ճանապարհին կարեւոր նշաձող են անվանում»:

Նրանք կանխատեսում են, որ քվանտային համակարգիչների հզորության մեծացումը բազմատիկ կմեծացնի Գորդոն Մուրի օրենքում նշված պրոգրեսիայի ցուցանիշները: Ըստ այս օրենքի՝ չիպում տրանզիստորների թիվը, իսկ նշանակում է նաեւ հաշվարկման խտությունը, պետք է կրկնապատկվի գրեթե 2 տարին մեկ:

Financial Times-ը նշում է, որ քվանտային համակարգիչների նախատիպերը ներկայումս միայն կարող են իրականացնել հաշվարիկներ ըստ սխեմայի, որն ավանդական է գոյություն ունեցող համակարգիչների համար, միայն թե ավելի արագ: Իսկ իրականում քվանտային հաշվողական մեքենաները կարող են դուրս գալ դասական ֆիզիկայի սահմանագիծ, ինչը կհանգեցնի համակարգիչների աստիճանացույցի հզորության աճի: Պարբերականը հստակեցնում է, որ Google-ը մեկնաբանություններից հրաժարվել է: