ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով նոր հայաստանի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսների: Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառման ժամանակ:

«Ընդհանրապես Հայաստանում միշտ եղել է այդ հարցը, թե ով է հերոսը Հայաստանի հանրապետությունում, ով է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվեն երիտասարդները: Այս հարցը սովորաբար, պատասխան չի ունենում: Առաջին եւ ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին: Երեկ հանրապետության նախագահը կոչումներ եւ մեդալներ շնորհեց մեր բազմաթիվ զինվորակնների: Մեր եւ բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստն ու մշակույթը ստեղծած մարդիկ, բոլոր ժամանակների մեր հերոսներն են մեր գիտնականները, մեր բազմաթիվ պետական եւ քաղաքական գործիչներ, բայց նոր Հայաստանում նոր Հայաստանի կերպարն ամբողջացնելու համար անհրաժեշտ էր մեր հերոսական այդ համայնապատկերին եւս մեկ շտրիխ ավելացնել` դա աշխատող եւ արարող մարդու կերպարն է»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով` իրենք քաղաքական հեղափոխությունը սկսել են եւ իրականացրել են մի կարգախոսով, այն է. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մարդը դու ես» եւ այսօր` տնտեսական հեղափոխության շրջանում նույն ուղերձն են հղում բոլոր քաղաքացիներին:

«Մեր երկրի բարեկեցությունը, տնտեսական զարգացածությունը, մեր երկրի բանակի հզորությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես: Մեր խնդիրն է, որ Հայսստաբը լինի բարեկեցիկ եւ Հայաստանը լինելու է բարեկեցիկ քաղաքացիների երկիր, որտեղ մարդիկ ունեն բավարար ինքնագնահատական, մարդիկ բավարար չափով հավատում են իրենք իրենց ուժերին եւ սեփական ուժերով կառուցում են իրենց բարեկեցիկ ապագան: Բարեկեցությունը պետք է լինի ներկա»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ շատ դժվար էր 45 հավակնորդներից ընտրել 13-ին, քանի որ բոլորն էլ մեր ժամանակի հերոսներն  են: