Ես ուզում եմ Անկախության տոնի առթիվ միայն շնորհավորել մեզ բոլորիս եւ ասել, որ մենք պարտավոր ենք անշեղորեն հետեւել այն գաղափարներին, որոնք դրված են այս տոնի հիմքում, իսկ դրանք են ինքնիշխանությունը եւ ինքնորոշումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ինչո՞ւ, որովհետեւ 28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք մեր քվեարկությամբ որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում: Այս նվիրական գաղափարներն են, որոնց պետք է հետեւենք եւ փոխանցենք հաջորդ սերունդներին: Ես չէի ցանկանա այս օրով խոսել, թե որ իշխանության օրոք ինչ ձեռքբերումներ են եղել»,-հավելեց նա:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականներին, նա ասաց. «ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձեւակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: Այստեղ որեւէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա եւ չի կարող լինել»,-ասաց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, որտեղ խիստ գնահատականներ կային, Արարատ Միրզոյան ասաց. «Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները, չեմ կարծում, թե վայել են ԱԱԾ տնօրենին»: