Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով այն հարցին, թե  ինչո՞ւ ՀՀ երրորդ նախագահը չի գնացել Գյումրի։

«Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է, բայց քանի որ այս միջոցառումը նախատեսված էր վաղուց, իսկ հրավերը ստացել ենք երեք օր առաջ, ապա բնական է, որ նախագահն իր կուսակիցների հետ այստեղ էր գալու, այլ ոչ թե՝ Գյումրիում, որովհետեւ հրավերը ուշ էր եկել»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով` մի կողմից  գովելի է, որ երկրի նախկին ղեկավարներին հրավեր է գնում կարևոր տոների առթիվ, սակայն քաղաքական տեսակետից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելով՝ ազգային միասնականության գաղափարն ի սկզբանե խարխլված է եւ այս տոնը իր ոգու ներքո չհավաքեց ՀՀ բոլոր նախկին եւ ներկա ղեկավարներին։

Նշենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր կուսակիցների հետ այցելել է Լոռու մարզ։ Նրանք եղել են Վանաձորի պանթեոնում, այնուհետև միասնական աղոթքի մասնակցեցին Հաղպատի վանական համալիրում և Սուրբ Հովհաննես եկեղեցում։