Հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին: Այսօր` սեպտեմբերի 21-ին, Լոռիում նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք մի քանի անգամ այդ շինծու գործի տարբեր էտապներում հայտարարել ենք, որ Հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին մեզ համար ակնհայտ քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործընթացի շրջանակներում մենք  միակ քաղաքական ուժն ենք, որ կուսակցական մի քանի հայտարարություններ ենք ընդունել  ի սատարումն Ռոբերտ Քոչարյանի: Խնդրի մասին մենք բարձրաձայնել ենք այն բոլոր միջազգային կազմակերպություններում, որտեղ անդամակցում ենք, եւ այդ սատարումը շարոնակվելու է մինչեւ արդարդատության եւ արդարության հաղթանակ, որին մենք հավատում ենք: Չեմ ուզենա, որ այդ հաղթանակը գա Ստրասբուրգից, կգերադասեմ, որ այդ հաղթանակը կերտվի հենց Հայաստանում:

Քաղաքական դաշտում երկրորդ նախագահի հետ համագործակցությանն անդրադառնալով` Աշոտյանն ասաց, որ որեւէ քաղաքակն օրակարգ որեւէ ուժի հետ չի քննարկվում. «Ռոբերտ Քոչարյանի դեպքում մեզ համար գերակա է թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական կողմը հարցի, իր ազատության հասնելը, չբացառելով որեւէ համագործակցություն ընդդիմադիր դաշտի այն քաղաքական ուժերի կամ բեւեռների հետ, որոնց հետ մենք կունենանք հանունի շուրջ ծրագրային առաջնահերթությունների համադրություն»: