Անցած 28 տարիներին չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակություն, զարգացած տնտեսություն, արդար եւ արդյունավետ պետական կառավարման համակարգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելությունն ու չարությունը վերացնել, համախմբել հայ ժողովրդին եւ ստեղծել ազգային պետություն:

Հավանաբար դա էր պատճառը, որ 2018-ի ապրիլին մեր հասարակությունը դուրս եկավ փողոց, ձեւավորեց նոր իշխանություն եւ հասարակությունն շատ հստակ արդարացիորեն նոր եւ կտրուկ փոփոխություններիպահանջ ներկայացրեց նոր իշխանությանը:

1 տարի առաջ այս վայրում Արամ Մանուկյանի րձանի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ կառուցել Արամ Մանուկյանի երազած Հայաստանը, խոստացավ լինել Արամին արժանի: Հիմա հարց եմ ուզում տալ՝ արդյոք սա էր Արամի երազած Հայաստանը, որտեղ կազմաքանդվում են պետական ինստիտուտները, Հայաստան, որտեղ իշխանության քմահաճույքով մարդը կարող է մեկ գիշերվա մեջ դառնալ դավաճան կամ դավաճանից վերածվել ազգային հերոսի:

Իսկ հասարակության մեջ ձեւավորվող ներքին ատելությունն ու հասարակական բեւեռացումը գնալով դառնում է վտանգավոր: Մենք այսօր հայտարարում ենք, որ Արամի երազած Հայաստանը կառուցելու ճանապարհով չենք գնում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

«Մենք ասում ենք՝ անցյալը ջնջելով նորը չես կառուցի: Անցյալը՝ լավ թե վատ, բոլորինս է: Պետք է նայել առաջ: Այսօր պետք է գործել ոչ թե անցյալի իբր մաքրագործման, այլ հանուն ներկայի, ապագայի, հանուն մեր արժեքավոր, անցյալի փառավոր էջերը եւս մեկ անգամ արժեւորելու: Չկան հին ու նոր Հայաստաններ, կա մեկ Հայաստան:

Մենք տեսնում ենք երկրի բնականոն զարգացման ընթացքը կասեցնող սպառնալիքներ: Մենք տեսնում ենք երկրի անվտանգային համակարգին ուղղված մարտահրավերներ: Մենք գիտակցում ենք, որ պետության զարգացման հայեցակարգային ծրագրերի բացակայությունը երկիրը տանում է ցնցումների»,- իր խոսքն ամփոփեց նա:

Նշենք, որ ՀՅԴ-ն այսօր անկախության օրվա առթիվ երթ է անցկացրել, որն ավարտվել է համերգով: