Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցության խորացման եւ ընդլայնման նպատակով հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանում եւ Փենսիլվանիայի նահանգային համալսարանում։ Այս մասին հայտնում են ՀԱԱՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպումներ են եղել Ֆրեզնոյի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոյի, Գյուղատնտեսական գիտության եւ տեխնոլոգիայի Ջորդանի քոլեջի, Նորարարությունների եւ ձեռներեցության կենտրոնի, Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական եւ ինկուբացիոն կենտրոնի ղեկավարների եւ աշխատակիցների, ինչպես նաեւ Ագրիան ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ադրիանա Մաջարյանի եւ այլոց հետ: Քննարկումները գլխավորապես ծավալվել են Ֆրեզնոյի նահանգային համալսարանի եւ Ագրարային համալսարանի միջեւ գործակցության խորացման, ուսանողների եւ դասախոսների փոխանակման, վերապատրաստումների, ուսումնաարտադրական համատեղ փորձուսուցումների անցկացման եւ այլ ուղղություններով:

Հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարոն Ուռուտյանը հավաստիացումներ է ստացել, որ Կալիֆորնիայի մեր հայրենակիցները պատրաստակամ են փորձուսուցման նպատակով հյուրընկալել ուսանողների ՀԱԱՀ-ից եւ առհասարակ հայաստանյան բուհերից, ինչպես նաեւ օժանդակել «Արտերկրում ուսումնառություն» ծրագրով ԱՄՆ-ից Հայաստան ուսանողների գործուղման հարցում: Ֆրեզնոյի հետ գործակցությունը ներառելու է նաեւ հետազոտական համատեղ նախագծերի իրականացումը:

Ֆրեզնոյի նահանգային համալսարանի Լայլզի նորարարությունների եւ ձեռներեցության կենտրոնում եւ Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական եւ ինկուբացիոն կենտրոնում ռեկտոր Ուռուտյանը պատասխանատուների հետ քննարկել է, մասնավորապես, Ագրարային համալսարանի՝ ստեղծման փուլում գտնվող Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր:

Վարդան Ուռուտյանն այցելել է նաեւ Կալիֆորնիայում մեր հայրենակիցների կողմից ավելի քան տասը տարի առաջ հիմնադրված Ագրիան ընկերություն, որի հայաստանյան գրասենյակում աշխատում են Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտներ:

Կալիֆորնիայից ՀԱԱՀ-ի ռեկտորն ուղեւորվել է Փենսիլվանիա՝ ՓենՍտեյթ համալսարան, որտեղ հանդիպումներ է ունեցել ՓեննՍտեյթի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Երկուստեք բարձր գնահատելով ՓենՍտեյթի գյուղատնտեսական գիտությունների քոլեջի եւ Ագրարային համալսարանի միջեւ տարիներ ի վեր ծավալված փոխգործակցությունը, քոլեջի տնօրեն Ռիչարդ Ռուշի եւ փոխտնօրեն, միջազգային ծրագրերի ղեկավար Դայանա Բեհրինգի հետ պարոն Ուռուտյանը քննարկեց գործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Գյուղատնտեսական գիտությունների քոլեջը հիմնադրվել է 1855թ․-ին եւ եղել է այն հիմնարար կառույցը, որի շուրջ հետագայում ծավալվեց ու զարգացավ այսօր աշխարհի համալսարանների տեղակարգման մեջ մշտապես լավագույն 1 տոկոսի մեջ գտնվող, 100 հազ․ ուսանող եւ 17 հազ․ դասախոս ունեցող ՓեննՍտեյթ համալսարանը։

Ռեկտոր Ուռուտյանի հանդիպումների շարքը շարունակվեց Ագրարային ճարտարագիտության, Սննդագիտության ֆակուլտետներում, այլ ստորաբաժանումներում։ Հիշարժան հանդիպումներից մեկը սննդագիտության պրոֆեսոր, Սննդի անվտանգության եւ որակի ծրագրերի տնօրենի տեղակալ Քեթի Քաթերի հետ էր, որը մեծ ավանդ ունի ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում արդեն երրորդ տարին իրականացվող «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» նորարարական կրթական ծրագրի ներդրման եւ դրա հաջողության գործում։ Պրոֆ․ Քաթերի հետ Վարդան Ուռուտյանը քննարկեց դասընթացի շարունակմանն առնչվող հարցեր։ Ի դեպ, ՀԱԱՀ-ում ծրագրի առաջին փուլի հաջողությունը պրոֆ․ Քաթերն այնուհետեւ հաջողությամբ կրկնել է Ուկրաինայում։