Գերմանիան կմիանա էլեկտրաէներգիայի արտադրության համար ածխի օգտագործման դեմ ներկայացող երկրների միությանը (Powering Past Coal Alliance): Այդ մասին Funke մեդիախմբի պարբերականների համար տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի շրջակա միջավայրի եւ միջուկային անվտանգության նախարար Սվենյա Շուլցեն, հաղորդում է DW-ը:

Քաղաքական գործչի խոսքով՝ այդ մասին պաշտոնական հայտարարությունը նա կանի Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին ընթացող կլիմայի պաշտպանության հարցով համաժողովի ընթացքում:

«Ածուխ օգտագործելուց հրաժարվելը կլիմայի գլոբալ պաշտպանության համար առանցքային բաղադրիչներից մեկն է»,-Շուլցեին մեջբերել է գերմանական Hamburger Abendblatt թերթը: Ածխի կիրառման հիման վրա էլեկտրաէներգիայի արտադրությունն աշխարհի տարբեր երկրներում դառնում է արդեն հնացած տեխնոլոգիա, հավելել է նա:

Շուլցեի խոսքով, եթե Գերմանիայի նման արդյունաբերական երկիրը հրաժարվի ածուխից եւ ատոմային էներգիայից, եւ աստիճանաբար փոխի էլեկտրամատակարարման համակարգն էներգիայի վերարտադրման ուղղությամբ, դա կդառնա աշխարհի մյուս երկրների համար հզոր ազդանշան:

2018 թվականի հունիսին Գերմանիան ստեղծել էր հանձնաժողով «Աճ, կառուցվածքային փոփոխություններ եւ զբաղվածություն» անվանմամբ, որում ներգրավվել են գործարարներ, արհմիությունների, ածխարդյունաբերությամբ զբաղվող շրջանների, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գիտնականներ:

Ավելի քան կես տարի նրանք համատեղ մշակել են հայեցակարգ, թե ինչպես Գերմանիան, իրականացնելով կլիմայի պաշտպանության եւ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու հարցում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կարող է դադարեցնել ածխի օգտագործումը՝ դրանով չվնասելով երկրի տնտեսությանը, էներգետիկ ընկերություններին եւ կոնկրետ շրջաններին: 2019 թվականի հունվարին հանձնաժողովը համաձայնեցրել եւ հրապարակել էր փաստաթուղթ, որը ենթադրում է գորշ ածխից ամբողջովին հրաժարում Գերմանիայի էլեկտրաէներգետիկայում 2038 թվականից ոչ ուշ:

Էլեկտրաէներգիա ստանալու համար ածխից հրաժարվելու օգտին ներկայացող երկրների միության ստեղծման մասին հայտարարվել էր ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին համաժողովի ընթացքում, որը կայացել էր 2017 թվականին Բոնում:

Ներկայումս այդ միությանն անդամակցել է 30 երկիր: