Մեր խնդիրն է այնպես անել, որ ամբողջ Սփյուռքն իրեն զգա ՀՀ շահառու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա շատ լավ առիթ է Լոս Անջեելսում հանդիպել, քննարկել, իհարկե մենք այսօր մի քանի առիթներ կունենանք հանդիպելու, քննարկելու։ Ես ասեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր կազմակերպության դերն ընդհանրապես հայապահպանության գործում։ Ես հույս ունեմ այն պոզիտիվ ֆոնը, որ առկա է ՀՀ կառավարության և Սփյուռքի միջև, ոչ միայն պահպանել և զարգացնել, այլ նաև դարձնել մշտական ՀՀ բոլոր կառավարությունների համար։ Կարծում եմ, որ այսօրվա մեր իրավիճակում հաջողությունները գեներացնելու, կրկնապատկելու, եռապատկելու և համազգային արդյունքի վերածելու համար պետք է ճիշտ մթոնլորտ ձևավորել և ճիշտ աշխատանքային մեխանիզմներ կառուցել, այնպես անել, որ ամբողջ Սփյուռքն իրեն զգա ՀՀ շահառու, սա մեր խնդիրն է որը մենք հույս ունեն լուծել ոչ միայն Ձեր, այլ նաև Սփյուռքի մյուս կառույցների և կուսակցությունների օգնությամբ»,-նշեց նա։