Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հայեցակարգային և գաղափարական առումով Սփյուռք-Հայաստան սահմանը վերացելն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, քանի որ տարբեր նախագահներ Սփյուռքի դերակատարության մասին տարբեր տեսակետներ են ունեցել։

«Այնպես չէ, որ ես ինքս Սփյուռք-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ միշտ մեկ ստատիկ կարծիք եմ ունեցել։  Դա իսկապես Երրորդ Հանրապետության պատմության ամենակարևոր օրակարգային հարցերից է, որը պետք է նայել դինամիկայի մեջ, թե ինչպես է այդ հարցը զարգացել։ Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հայեցակարգային և գաղափարական առումով Սփյուռք-Հայաստան սահմանը վերացելն է։ Օրինակ, եթե մարդը ՀՀ-ից արտագաղթել է 2015 թվականին, ինքը սփյուռքահա՞յ է, թե՞ սփյուռքահայ չէ, իմ ընկալմամբ՝ ինքը սփյուռքահայ չէ։ Իսկ նա, ով 2013 թվականին է արտագաղթե՞լ, իսկ նա, ով 2001 թվականին է արտագաղթել, սփյուռքահա՞յ է, թե՞ սփյուռքահայ չէ, իմ կարծիքով՝ ինքն էլ սփյուռքահայ չէ, իսկ նա՞, ով 1995-ին։ Մարդիկ տարբեր պատճառներով ՀՀ-ից հեռացել են, հիմա ասենք 1996 թվականին իմ եղբայրն էլ ՀՀ-ից հեռացել, գնացել է ՌԴ-ում է ապրել, ես իրեն վերաբերվեմ որպես սփյուռքահայի՞, կամ իմ դասարանցիները, Ձեր ընկերները, որոնք ՀՀ-ում չեն ապրում, դուք իրենց վերաբերվում եք որպես սփյուռքահայի՞ և նրանց հետ հարաբերությունների նոր բանաձևե՞ր եք մշակում։ Պետք է ջնջել այդ սահմանները»,-նշեց նա։

Վարչապետի հազմոզմամբ՝ կարևոր է, թե մարդն իրեն որ երկրի հետ է նույնականացնում․ «Խնդիրն այն է, թե մարդը որ երկրի հետ է իրեն նույնականացնում, աշխարհում ավելի ու ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ և Սփյուռքի կառուցակարգային, գաղափարաբանական այդ սահմանները պետք է վերանան, այս հենքի վրա պետք է կառուցվեն հարաբերությունները։

Յուրաքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու այնքան, որքան ՀՀ-ում բնակվողները, դրա ամենակարևոր ձևը, որ բոլոր հայերը ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր, սա որպես մի նվազագույն կետ, տարվա մեջ առնվազն մի որոշ ժամանակ պետք է անցկացնեն Հայաստանում»։

ՀՀ վարչապետը խոսեց նաեւ Սփյուռքում բնակվող քաղաքացիների՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունքի հարցում իր դիրքորոշման մասին։

 

«Այն կարգավորումները, որով կառավարության անդամի համար սահմանվում են նույն չափանիշը, ինչ ԱԺ պատգամավորի համար, ընդունելի չեմ համարում, բայց դա Սահմանադրությամբ է նախատեսված եւ դրա համար սահմանադրական փոփոխություն պետք է անենք։ Հիշեցնեմ, որ խոսքը նրա մասին է, որ Հայաստանի կառավարության անդամը պետք է վերջին 4 տարում  մշտապես բնակված լինի ՀՀ-ում եւ վերջին 4 տարին ունենա միայն ՀՀ քաղաքացիություն։ Ես այստեղ խնդիր եմ տեսում եւ կարծում եմ, որ դա արգելակում է Սփյուռքի ներուժը լիարժեք ներգրավել ՀՀ կառավարման գործում»,-նշեց նա։

Ապա Փաշինյանը շեշտեց՝ ընտրելու հետ կապված իր կարծիքը մի փոքր այլ է․ «Եթե մենք ասում ենք, որ Սփյուռքի մեր քաղաքացիներին ընտրելու իրավունք ենք տալիս, պետք է ենթակառուցվածքային առումով նույն պայմանները ստեղծենք, ինչ ՀՀ քաղաքացիների համար, այսինքն ամեն 2000 ընտրողի համար պետք է լինի մեկ ընտրական տեղամաս։ Սա նշանակում է, որ մենք ամբողջ աշխարհում ամեն 2000 ընտրողի համար պետք է ստեղծենք 1 տեղամաս եւ հնարավոր է պարզվի՝ մեր ընտրական տեղամասերի 20 տոկոսն է գտնվում ՀՀ-ում, 80 տոկոսը գտնվում է ՀՀ-ից դուրս։ Մենք հասկանո՞ւմ ենք՝ սա ազգային անվտանգության ինչ խնդիրներ է  առաջացնում եւ ինչ կարող  է լինել դրա հետեւանքները։ Ենթադրենք, մենք այլ սկզբուքն ենք որդեգրում, ասում ենք ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում ստեղծում ենք 3-4 տեղամաս, Յակուտսկում ապրողին ասում ենք արի Նովոսիբիրսկ քվեարկի, եթե ինքը Յակուտսկից կամ Վլադիվոստոկից պետք է գնա Նովոսիբրիսկ, քվերակի, թող գա Հայաստան քվեարկի։ Ուստի այսօրվա կարգավորումը ես համարում եմ ճիշտ։

Բացի այդ, վարչապետի խոսքով՝ Սփյուռքում մեր քաղաքացիներին ընտրելու իրավունք տալը մեկ այլ խնդիր ունի․ «Մենք պետք է ապահովենք, որ այդ ընտրատեղամասերում թեկնածուները կարողանան քարոզարշավ վարեն, եթե Չիկագոյում կա տեղամաս, եւ օլիգարխ թեկնածուն կարող է գնալ, մյուս թեկնածուները ընտրապայքարից դո՞ւրս են մնում»։