Բա պիտի հանեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի սկանդալային հայտարարությունը ԱԱԾ պաշտոնական կայքից հեռացնելու փաստին։

«Ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ դա անարգանք է ՀՀ զինված ուժերի նկատմամբ: 

Նշենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում էր ներկայացրել: