Avira-ի հակավիրուսների գերմանացի ստեղծողները պարզել են, թե որ գաղտնաբառերն են, որ չեն համարվում անվտանգ «խելացի» գաջեթներ եւ ցանցային սարքեր օգտագործելիս։ Համապատասխան մամլո ամփոփագիրը հրապարակվել է ընկերության կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փորձարկման համար մասնագետները ստեղծել են «խայծ» չարամիտների համար, որը նմանակել է ցանցից սարքի՝ ռոուտերի, խցիկի կամ այլ գաջեթների ազդանշանը։ Հաքերները փորձել են մուտք գործել այդտեղ՝ լոգինի ու գաղտնաբառի ցանկացած համադրում կատարելով։ Դրանից հետո ընկերությունը վերլուծել է, թե ինչ համադրումներ են օգտագործվել ամենից հաճախ։ Փորձարկմանը «մասնակցել» է ավելի քան 14 հազար մարդ։

Պարզվել է, որ  25,6 տոկոս դեպքերում հաքերները դատարկ են թողել լոգինի եւ գաղտնաբառի դաշտերը։ Հաջորդ ավելի հաճախ կիրառված համադրումները եղել են «admin/QWestM0dem» եւ «admin/airlive» (24%)։ Երրորդ տեղում (23,4 տոկոս) «admin/admin», «support/support» եւ «root/root» ստանդարտ համադրումներն են։

Avira-ի մասնագետների կարծիքով՝ ոչ անվտանգ գաղտնաբառերի խնդիրները մեծ մասամբ կապված են գաջեթների արտադրողների, այլ ոչ թե օգտատերերի հետ, որոնք ծուլանում են փոխել ստանդարտ համադրումները։ Այսպես, սովորական մարդիկ հաճախ չեն մտածում հաքերային գրոհների սպառնալիքի մասին, կարծում են ընկերությունում։

«Մենք չենք կարող ակնկալել, որ օգտատերերը կմտնեն կարգավորիչներ եւ կփոխեն արձանագրությունների կոնֆիգուրացիան, որոնց մասին անգամ չեն էլ լսել»,- ամփոփել են Avira-ում։