Հայաստանում սեպտեմբերի 23-27-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Քիմիան եւ քիմիական տեխնոլոգիան» 6-րդ միջազգային գիտաժողովը։

Հայաստանի ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը նշեց, որ գիտաժողովն ունի ավանդական բնույթ, ինչը թույլ է տալիս ձեւավորել այդ թվում եւ բարեկամական հարաբերություններ գիտնականների միջեւ՝ նպաստելով համագործակցության մակարդակի բարձրացմանը։

Նա ավելացրեց, որ գիտաժողովին մասնակցում են գիտնականներ, եւ որ հատկապես կարեւոր է՝ երիտասարդ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ուզբեկստանից։

Հայաստանի ԳԱԱ քիմիայի եւ Երկրի մասին գիտությունների բաժնի ակադեմիկոս քարտուղար Լեւոն Թավադյանը, իր հերթին, ասաց, որ գիտաժողովի ավանդականությունը կապված է լավ կազմակերպման, քիմիայի ոլորտի արդիական թեմաների քննարկման, մասնավորապես՝ քիմիական սինթեզի, նոր նյութերի, նանոտեխնոլոգիաների եւ նանոնյութերի ստեղծման հետ։

Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Սերգեյ Ռիբինսկին նկատեց, որ միջազգային գիտաժողովին Ռուսաստանի մեծ թվով ներկայացուցիչների, այդ թվում՝ երիտասարդների մասնակցությունը վկայում է երկրների միջեւ գիտական ինտեգրման բարձր մակարդակի մասին, ինչը կապված է նաեւ ԳՄՌԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերի հետ։

Նա հիշեցրեց, որ այդ ծրագրերի շնորհիվ Հայաստանի մոտ 200 քաղաքացի հնարավորություն է ստանում անվճար բարձրագույն կրթություն ստանալ Ռուսաստանում։