Վաշինգտոնի նոր պատժամիջոցները Թեհրանի դեմ ցուցադրում են ԱՄՆ ներկա ղեկավարության լիակատար հուսահատությունը։ Այսպիսի խոսքերով է երկուշաբթի հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար Նյու Յորք մեկնելուց առաջ, կառավարության նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը հայտարարել է պատժամիջոցների մասին, որոնք արդեն մինչ այդ մտցրել է մեր դեմ։ Դա վկայում է Վաշինգտոնի լիակատար հուսահատության մասին,- Ռոհանիի խոսքերը մեջբերվում են Իրանի նախագահի պաշտոնական կայքում։- Իրենք՝ ամերիկացիներն էին մինչ այդ պնդում, որ այլեւս ոլորտ չի մնացել (Իրանում), որը պատժամիջոցների չի ենթարկվել»։

Նա ավելացրել է, որ «այս տարի իրանական պատվիրակությունը մեկնում է ՄԱԿ ԳՎ-ին ԱՄՆ-ի կողմից դաժան ճնշման պայմաններում»։ «Իրանի ժողովուրդը ցուցաբերել է տոկունություն պատժամիջոցների հանդեպ, եւ հիմա մեր տնտեսությունը սկսում է աճել։ Դա նշանակում է, որ մենք հաղթահարել ենք այդ խնդիրը»,- նշել է նախագահը։

Ուրբաթ ամերիկյան ֆիննախը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են մտցնում Իրանի Կենտրոնական բանկի, Զարգացման ազգային ֆոնդի եւ Etemad Tejarate Pars Co ընկերության հանդեպ։

ԱՄՆ իշխանությունները հինգշաբթի վիզաներ են տվել Իրանի նախագահին եւ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելու համար, որը տեղի է ունենում Նյու Յորքում։ Մինչ այդ պահը Ռոհանիի եւ Զարիֆի մասնակցությունը ԳՎ-ին հարցականի տակ էր։