Հայաստանը հետխորհրդային տարածքում ռուսերենի իմացության մակարդակով առաջատարներից է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։

Նրա խոսքով՝ ռուսերենի իմացության մակարդակը հետխորհրդային տարածքում զիջում է ԽՍՀՄ ժամանակների մակարդակին, բայց Հայաստանում այն բարձր է, ինչը բացատրվում է նաեւ Ռուսաստանում մեծ հայկական սփյուռքի գոյությամբ։

«Երիտասարդ հայերը գիտակցում են ռուսերենի իմացության նշանակալիությունը եւ ձգտում են կատարելագործել գիտելիքները»,- նշել է նա։

Սերգեյ Ռիբինսկին ավելացրել է, որ Հայաստանի քաղաքացիների մեջ նկատվում է բարձր հետաքրքրվածություն Ռուսաստանում կրթություն ստանալու հարցում, ինչը կապված է տրամադրվող գիտելիքների բարձր որակի հետ, որոնք գնահատվում են ամբողջ աշխարհում։

«Շատ կարեւոր է, որպեսզի երիտասարդները վերադառնան Հայաստան եւ աշխատեն ձեռնարկություններում, այդ թվում ռուսական կապիտալով ընկերություններում։ Փորձում ենք անել ամեն բան, որպեսզի շրջանավարտները, Հայաստան վերադառնալով, կարողանան աշխատանք ունենալ»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությանը՝ Ռիբինսկին ասել է, որ ամեն տարի Հայաստանի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ համատեղ անցկացվում է մոտ 300 միջոցառում, այդ թվում կադրերի վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ոլորտում։